Այն, որ վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ ստորջրյա գործընթացներ են տեղի ունենում, քանիցս ենք փաստել: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Իրանի և վեցյակի կայացրած իսկապես պատմական որոշմամբ ոչ միայն տարածաշրջանը, այլև ողջ աշխարհն է փոխվում` առաջադրելով խաղի նոր կանոններ, որոնք, առաջին հերթին և անշուշտ, պետք է վերաբերեին ղարաբաղյան սառեցված հակամարտությանը։ Հակամարտություն, որն ամեն րոպե կարող է «տաքանալ»` ոչ ևս անելով այն հզոր ջանքերը, որ ներդրվեցին վերը նշված համաձայնությունը կայացնելու գործում:
Այնուհանդերձ, հիշյալ պայմանավորվածությունն է՛լ ավելի սրեց տարածաշրջանում շահերի բախումը, քանզի այդ համաձայնագրով հզոր մարտահրավերներ առաջացան նախ Ռուսաստանի ¥ի դեպ, այս կողմերում մշտապես ու աներկբա «արբիտր» Ռուսաստանի մասին միստր Օբաման «մեծահոգաբար» ասաց` չլինեին Ռուսաստանի ջանքերը, չէր լինի Իրանի հետ համաձայնությունը¤, ապա և լավ օրեր չապրող Թուրքիայի համար:
Եվ այսպես, փորձ է արվում.
Ռուսաստանի մասով. նավթի գնից, Եվրոպան իրանական գազով «հագեցնելու» նոր մոդիֆիկացիաներից սկսած` մինչև նույն Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառում, տարածաշրջանից դանդաղորեն վերջինիս դուրս մղում, տարածաշրջանային գործընկերների հետ խաղի նոր կանոնների սահմանում:
Թուրքիայի մասով. Իրանի կարևորմամբ, թուրքական գործոնի թուլացում` Թուրքիայի ներքին առանց այն էլ սրված վիճակում, երբ Դավութօղլուն անկարող է նոր կառավարություն ձևավորելու, հասկանալի է դառնում, թե ինչու է այդքան աշխուժացել-ակտիվացել ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ ՈՒոռլիքը, որը տեղը «տիտիկ» չի անում. մեկ «համահավաք» է անցկացնում, ԱՄՆ է հրավիրում մյուս համանախագահներին, մեկ ինքն է թռչում դեպ Մոսկվա, ապա գալիս տարածաշրջան, հընթացս էլ` իրեն թույլ տալիս բավականին հետաքրքիր բարձրաձայնումներ «օկուպացված տարածքների վերադարձի» և խաղաղապահների մասով։ Ասել է` «մեսիջներ» է հղում բոլոր շահագրգիռներին անխտիր:
Իսկ «մեսիջները», ի դեպ, առաջին հայացքից են նոնսենս: Իրականում այն, ինչ ասում է սըր ՈՒոռլիքը, «մադրիդյան թեզերի» վերաշարադրումն է: Այսպես. նա բարձրաձայնում է, որ «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն` համալիր կարգավորման շրջանակներում»: Ասել է` հանրաքվե, Ղարաբաղի ստատուս և շրջանների վերադարձ, խաղաղապահներն էլ` ներառյալ: Ասել է` չի համաձայնեցված որևէ բան, եթե համաձայնեցված չէ ամեն բան: Այլ կերպ հասկանալ «համալիր լուծում» արտահայտությունն անհնար է:
Խնդիրը միակն է, և այն մշտապես եղել է միակը: Ո՞վ է խաղաղապահություն իրականացնելու, ի՞նչ «բերետով»: Եվ արդյո՞ք այդ հարցում ԵԱՀԿ համանախագահները, նրանց հետ էլ Մոսկվա «թռած» Կարասինի հետ հանդիպած պարոն ՈՒոռլիքը համաձայնության են հասել` Իրանի հետ պայմանավորվածությունների վերջին ֆոնին:
Դատելով Ռուսաստանի պահվածքից, «Իսկանդերների» տրամադրումից, Ալիևի ոչ ադեկվատ հայտարարություններից, հարցը բաց է մնացել:
Այդ դեպքո՞ւմ... Մանավանդ վերջին օրերին Ադրբեջանն սկսել է էլի ինտենսիվ կրակել սահմանի վրա: Այսպիսով. մինչև ո՞ւր կկրակի հարբեցող «քյորփեն»` տարածաշրջանային նոր զարգացումների ֆոնին, արդյո՞ք այդ «կրակոցներն» ինչ-որ մեկի «ընդհատակյա» թելադրանքով են արված, և վերջապես` արդյո՞ք սեփական վախը խեղդելուն չեն միտված այդ կրակոցները:
Կերևա առաջիկա օրերին` տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «պահվածքից» և հայտարարություններից: Ի դեպ, ՈՒոռլիքը ասել է նաև, որ համանախագահները միասնական մոտեցում ունեն:
Եթե ունեն, ապա Ալիևը «Մակարովի գյուլլա կուլ չի տվել»` աշխարհին դեմ գնա:
Եթե կուլ է տվել, իմաստնությունն ասում է` «կուլ տվածը» «դուրս գալու երկու ուղի ունի»... Սակայն երկուսն էլ բանի նման չեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ